Տաթև, Սատանի կամուրջ, Որոտան և անկրկնելի տպավորություններ…

Այս անգամ ճանապարհը մեզ տարավ Տաթև: Սկզբում, իհարկե, չէի պատկերացնում, թե ինչ է մեզ սպասվում մինչև օրվա վերջ: Արդյունքում այս նյութը հիմա գրելիս նստած եմ համակարգչի առաջ վերքով պատված արմունկով, ցավացող մկաններով և կապտուկներով պատված ոտքերով, բայց չեմ փոշմանել:Ինչպես միշտ գիշերը չկարողացա նորմալ քնել և առավոտյան 6-ին արդեն ոտքի վրա էի և պատրաստվում էի կտրել-անցնել ավելի քան 250 կմ և այդքան էլ հետ գալ: Առաջին երկու ժամվա մասին ոչինչ ասել չեմ կարող: Անքուն գիշերից հետո մեքենայում Ջեյմս Բլանթի ուղեկցությամբ մի փոքր, դե մի երկու ժամ քնեցի: Արթնացա, երբ արդեն հասել էինք Վայոց Ձոր: Ճանապարհը հետաքրքիր էր, ընկերախումբը` հաճելի:  29 հոգուց ճանաչում էի մոտ 10-ին: Էդպես ուրախ ու զվարթ եկանք հասանք Հալիձոր գյուղ, որտեղից պետք է ճոպանուղով գնայինք Տաթևի վանք: Հերթ կանգնելով մոտ 30 րոպե` ի վերջո գնեցինք տոմս և նստեցինք աշխարհի ամենաերկար ճոպանուղին:Հավատացեք` զգացողություններն անկրկնելի են, երբ վերևից նայում ես հայոց լեռներին, որոնք հունիս ամսին պատված են խիտ կանաչով: Ամեն անգամ ճոպանուղու իջնելիս անկշռելիության զգացողությունը ուղղակի ստիպում է դողալ: Բայց սա դեռ միայն սկիզբն էր: Վանական համալիրում այնքան մարդ կար, որ չհաջողվեց միայն վանքը նկարել: Որ կողմից էլ փորձեցի, միևնույն է, ինչ-որ մեկը կանգնում էր ֆոտոապարատի առաջ: Վանքի պատմության մասին չեմ գրի, կարող եք ցանկացած տեղ կարդալ: Միայն կասեմ, որ այն պետք է տեսնել անպայման, անպատճառ: Մոտ մեկ ժամ այս ու այն կողմ թափառելուց ու բոլոր հնարավոր խցերը մտնելուց հետո վերադարձանք ճոպանուղի, որտեղ նորից հերթ էր ու նորից սպասելուց հետո եկանք Հալիձոր, որպեսզի այս անգամ գնանք բոլորին հայտնի Սատանի կամուրջ: Այստեղ սկսվեց այն, ինչը պատճառ հանդիսացավ մի շարք մարմնական վնասվածքների: Տեսանք տաք ջրով ավազանները, համտեսեցինք բնական հանքային ջուրը ու որոշեցին իջնել Որոտան գետը, որը հունիս ամսին վարարած է,

լի է խոշոր քարերով, այնպես որ եթե հանկարծ գետը քեզ տարավ, պրծում չկա: Պատկերացրեք ուղիղ, մեծ քարի վրայով, ընդամենը մեկ ոչ անքան հուսալի, տեղ-տեղ բարակած
պարանի օգնությամբ պետք էր իջնել մի քանի մետր: Ներքևում միայն ջուր է: Հասավ իջնելու իմ հերթը: Ի դեպ, մինչ այդ մի քանիսը գնացել և կեսից ետ էին եկել: Զգուշությամբ փորձում եմ իջնել, սկզբում դնում եմ մի ոտքս, հետո մյուսը: Մի ձեռքով բռնել եմ պարանից, մյուսով Վահեի ձեռքից: Թվում է ամեն ինչ լավ է, պետք է միայն մի վերջին անգամ իմ լավ ընկերոջ` Հովսեփի հորդորով ոտքս տեղափոխեմ մի ուրիշ տեղ և արդեն հասել եմ, բայց հանկարծ չգիտեմ ինչպես ոտքս սահում է, և ես մնում եմ 2 ձեռքով պարանից կախված, իսկ պարանը գնում է այս ու այն կողմ, ես խփվում եմ քարին և հիմա նստած եմ ցավացող ծնկներով ու արմունկներով: Կարդալուց կթվա, թե ոչ մի դժվար բան չկար, հավատացեք, դեռ երկար ժամանակ իջնոլւց հետո ոտքերս

դողում էին, ու հետո իմ նկարած բոլոր նկարները ֆոկուսից դուրս են, որովհետև ձեռքերից դողալուց ֆոտոապարատը չէի կարողանում ուղիղ պահել: Ի դեպ, հատուկ շնորհակալություն Վահեին ու Հովսեփին, որոնք չթողեցին, որ ընկնեմ ու ջարդուփշուր լինեմ: Առանձնահատուկ ուշադրության են արժանի Դիանան և Զառան, որոնք համարձակվեցին վարարած գետով անցնել:  Ես ունեմ ամենալավ, ամենահամարձակ, ամենաէքստրեմալ, ուրախ, խելացի ընկերներն աշխարհում, ապրեք դուք, որ կաք: Ասում եմ, իջնելը մի դժվարություն ա, բարձրանալը` մի:  Ուրեմն պատկերացրեք ինձ, ուզում եմ բարձրանալ նույն անիմաստ պարանով ու տղաների օգնությամբ այդ քարի վրա, վերևում կանգնած ա Հովսեփը, ներքևում Գարիկը: Ես արդեն գոտեպնդվել ու երկու ձեռքով ուժեղ բռնել եմ պարանից, մեկ էլ Գարիկը գոռում ա. «Ուղարկեմ?» (դե ինձ էլի, Հովսեփին հարցնում ա «Արփինեին ուղարկեմ?»): Ու ես սկսում եմ օդում կախված ծիծաղել, բայց ի վերջո բարձրանում եմ, և արդեն 30-40 րոպե հետո ավտուբուսը մեզ ետ ա բերում Երևան (Ցավոք, նկարներ չկան, որովհետև նկարելու մասին չէի էլ մտածում, իմ առջև դրված էր բարով-խերով իջնելու ու բարձրանալու խնդիրը): Այս ամբողջ ուղևորությունը տևեց առավոտյան 7-ից մինչ կեսգիշեր, 12-ն անց կես արդեն տանն էի, ու երբ պատմեցի մեր գլխով անցածը, ինձ ասեցին «Արփինե, էլ ոչ մի արշավ, հլը քեզ նայի, վերքոտ, կապտած տուն ես եկել», բայց դե ես գիտեմ, որ էլի եմ գնալու ու դեռ շատ: Ես միշտ կպահեմ ճոպանուղու տոմսը, որի վրա գրված է, որ ես 

նստել եմ աշխարհի ամենաերկար ճոպանուղին, իսկ իմ կաղմից կավելացնեմ, որ ես եղել եմ Տաթևի վանական համալիրում, Սատանի կամուրջում, խմել եմ տեղի բնական հանքային ջուրը, թրջվել եմ Որոտան գետում, անցկացրել եմ հիանալի ժամանակ ու եամենալավ ընկերներն աշխարհում… սպասեք հաջորդ արշավին:

 

The ցեխ

Այս գրառումս նվիրում եմ ընկերներիս, որոնք սիրում են արշավներ, չեն վախենում  երկար ճանապարհներից ու ցեխից, համարձակ են, էքստրեմալ, մի խոսքով հետաքրքիր  մարդիկ: Ուրեմն կիրակի օրը մի խումբ երիտասարդներով, որոնց մի մասին ճանաչում էի,  մի մասին ոչ, գնացինք Դսեղ կամ, ինչպես հետո կպարզվի` դՑեխ… դե արի արթնացի  առավոտ շուտ, բայց ոչինչ, այսօր կարելի է քիչ քնել; Քնելով չորս ժամ, առավոտյան ութին  հայտնվեցի պայմանավորված վայրում, 2 ժամից արդեն տեղում էինք: Բնությունը  հիասքանչ էր, օդը մաքուր, ընկերներն անկրկնելի, շատ լավ էր: Սկզբում այցելեցինք Սուրբ  Գրիգոր Բարձրաքաշ վանք, հետո եղանք Թումանյանի թանգարանում, հետո էլ գնացինք  Ծովեր, դե հետո էլ եկանք տուն: Հիմա մանրամասն… Որեմն արդեն պարզ ա, 8-ին դուրս  եկանք, 2 ժամից հասանք Լոռի, իջանք ավտոբուսից ու ոտքով ուղեվորվեցինք եկեղեցի, որ  գտնվում էր ձորի մեջ և մինչև չհասնեիր էնտեղ, ուրիշ ոչ մի տեղից չէր երևում, թաղված էր  անտառի մեջ:

Ի դեպ, ճանապարհին հանդիպեցինք Գիքորի աղբյուրին, որից ,ավանդության համաձայն,  Թումանյանի Գիքորը ջուր էր խմել: Մենք էլ    փորձեցինք, բայց ուլ չդարձանք (վաաայ, դա  ուրիշ հեքիաթից էր):

      13-րդ դարի եկեղեցի էր,  որ ավերվել էր 20-րդ դարում: Տեսանք Մամիկոնյանների զինանշանը, հայկական մի շարք  նշաններ, բոլոր եկեղեցիների վրա հանդիպող արևի ժամացույցը: Հետո ստիպված էինք  նույն ճանապարհը արդեն բարձրանալ մոտ 2կմ, փաստորեն քայլեցինք մոտ 4 կմ: Ի դեպ,  քայլում էիք խոտի միջով, որի հետևանքով բոլորից ոտքերը ողջ օրը թաց էին ու ցեխոտ: Ոնց որ ասում են, թող մեր ամենամեծ դժբախտությունը դա լինի: Հետդարձ մինչև Թումանյանի թանգարան, ճանապարհին տեսանք Թումանյանի արձանը, հանդիպեցինք մի բարի մարդու, որը մեզ լուսանկարեց: Թումանյանի թանգարանում չէի եղել, շատ հետաքրքիր էր: Տեսանք այն մեկ սենյակը, որտեղ ապրել է Թումանյանի ընտանիքը սկզբնական շրջանում, օրորոցը, որում Թումանյանի մայրը 8 երեխա է մեծացրել, գրողի անձնական իրերը` վերարկուն, հագուստը, տան ափսեները, ինքնաեռը, որի ծորակը Արթուրը փորձեց բացել ու ստուգել` աշխատում է, թե ոչ: Անցանք հաջորդ սենյակ, ծանոթանալու գրողի թողած ժառանգությանը, մեկ էլ հանկարծ սկսվեց կարկուտ խոշոր հատիկներով, նույնիսկ էքսկուրսավարը, նկատելով մեր զարմանքը, ասեց.

«Դե լավ, կարկուտ ա էլի, դա եք նկարում?»: Հա, դա էլ պակաս հետաքրքիր չէր: Հետո գնացինք թանգարանի երկրորդ հարկ, որը կառուցվել էր հետագայում Թումանյանի եղբայրների կողմից:Իմացանք, որ բանաստեղծի երեխաներից ոչ մեկին բախտ չի վիճակվել երջանիկ կյանք ունենալ, ու որ այժմ Թումանյանից տղա ժառանգ չի մնացել: Իզուր չեն քառյակներն այդքան տխուր:

Դեեե…. իսկ հաջորդը Ծովերն էր: Ասում են` այդ փոքրիկ լճակում մի աղջիկ է խեղդվել անունը Ծովեր, որտեղից էլ մնացել է լճի անունը: Գնացինք, էլ ընկանք ճամփին, էլ շիշ կոտրեցինք, էլ քերծվեցինք ճյուղերով, վերջում տեղ հասանք ու հրաշք… վերադառնալուց ձկնորսներին հաց տվեցինք ձուկ բռնելու համար:

Բարի գործ ենք արել էլի… հետ եկա երիցուկների փնջով: Գնալն ու գալը միասին մոտ 6 կմ էր: Վաաաայ, շատ հաճելի օր էր, էլի եմ ուզում: Էլ չեմ նշում հոյակապ եղանակը, մեր հիասքանչ վարորդին, կովերը ճանապարհին հանդիպող, էլ չեմ խոսում այն բոլոր հումորների մասին, որոնք ծնվում էին մեր գլխում այս կամ այն բանի հետ կապված (մանրամասները չեմ ասի, մի իմացեք): ճանապարհը նույնիսկ այքան հետաքրքիր էր, որ ուզում էի խնդրել վարորդին նորից հետո գնալ Լոռի, որպեսզի էլի փակեմ աչքերս, լսեմ լավ երաժշտություն (բացառությամբ մի քանի երգերի) ու լսեմ անձևի ձայնը պատուհանին: Վերջում հատուկ շնորհակալություն Հովսեփին, սպասում ենք էլի նման հետաքրքիր արշավների:

Հ.Գ. երևի հասկացաք` ինչու the ցեխ (հա, որպեսզի չհամարվեմ մտքի գող, կասեմ, որ «the ցեխ»-ի հեղինակը Անին էր)… մինչև հաջորդ ցեխեր