Գիշերային մտքեր

Գիշերով ամեն ինչ այլ է թվում: Թախիծը կարծես խտանում ու վերածվում է ինչ-որ բանի, որ խեղդում է քեզ` թույլ չտալով անգամ հասկանալ դրա իրական պատճառը: Երբեք չեմ սիրել գիշերը, մութ, խորհրդավոր, առեղծվածային: Մարդկանց ջերմությունը միշտ գիշերն է բարձրանում, ավտովթարները գիշերը հաճախ են պատահում, գաղտնիքները գիշերն են բացահայտվում, վեճերը գիշերն են տեղի ունենում, իսկ ես խուսափում եմ դրանցից: Գիշերը միայն երկու բանի համար է լավ` սիրով զբաղվելու և զբոսնելու: Գիշերն անհետանում են բոլոր պայմանականութունները, մտքերը, որ վախնում էին ցերեկվա լույսից, կենդանանում են գիշերը: Գիշերը ես զբոսնում եմ: Զբոսնում եմ իրականում, ինչպես հազարավոր մարդիկ աշխարհում, հագնում եմ վերարկուս, կոշիկներս ու դուրս գալիս տանից: Ինձ հետ զբոսնելու է գալիս նաև հոգիս, գալիս են մտքերս, քայլում են կողքովս, երբեմն կպնում են ինձ, երբեմն անցնում են դիմացի մայթն ու որոշ ժամանակ ինքնուրույն զբոսնում: Սիրում եմ մտքերիս հանգիստ թողնել, թողնել, որ հեռանան ինձանից, ծանոթանան ուրիշ մարդկանց մտքերի հետ: Ես ավելի հանգիստ եմ, երբ դրանք ինձ հետ չեն: Դրանք տանջում են ինձ: Մտքերիցս որևէ մեկը հաճախ մոտենում է ինձ և պատմում այլ մարդկանց մտքերի հետ իր զրույցները, բանավեճերը, ծանոթությունները: Ես ատում եմ իմ մտքերը, մյուսների մտքերը…

Ինչ կլինի, ջրեմ էլի

 

 Չեմ փորձի հիմա մանրամասն պատմել տոնի ծագման ու զարգացման պատմությունը կամ էլ նկարագրել, թե ինչպես եմ անցկացրել այն մանկության տարիներին: Միայն կասեմ, որ եթե 5-10 տարեկանում ուրախանում էի, որ պոլիէթիլենային տոպրակի մեջ լցնում էի ջուր և 9-րդ հարկից գցում ներքև (հաշվի առնելով այն, որ 90-ականներին չունինք մշտական ջուր, և ապրելով բազմահարկ շենքում` ջրոցի խաղալն այնքան էլ հեշտ չէր), ապա այժմ հետևում եմ, թե ինչպիսի ոգևորությամբ է փոքր եղբայրս առավոտյան մտնում իմ սենյակ, որպեսզի ինձ ջրի: Ես էլ ձևացնելով, թե ոչինչ չեմ կասկածում, թողնում եմ, որ մի լավ ջրի, իսկ հիմա անկողինս փռել եմ չորանալու:

Եկեք մի քիչ հանդուրժող լինենք, հիշենք, որ երբ փոքր էինք, ինչ անհամբերությամբ ու ոգևորությամբ էինք սպասում այս օրվան: Երբ տեսնում ենք դույլով կամ ջրով զինված փոքրիկների, չգոռանք. «Նայի, հա, ջրել ես, գալու եմ գլուխդ ջարդեմ»: Փորձեք ինքներդ վերցնել մի բաժակ ջուր և լցնել ինչ-որ մեկի վրա, կտեսնեք, թե ինչ հավես բան է: Կամ գնացեք Կարապի լիճ ջրվելու , կամ էլ, եթե ունեք ամառանոց, դեռ ուշ չէ, զանգեք ընկերներին ու գնացեք մի լավ թրջվեք:

Դե ինչ… բարի ժամանց

Հ.Գ. իմ անցկացրած ամենալավ ու ուրախ Վարդավառը եղել է 2010-ին, երբ ընկերներով գնացել էինք Գառնի: Հիմա նրանցից մեկը Անգլիայում է, մյուսն աշխատանքի է, մյուսը վերադարձել է Շոտլանդիա, այնպես որ մենակ եմ: Իսկ նկարներ , իհարկե, չկան, քանի որ ոչ ոք չէր համարձակվի ապարատը հանել ու նկարել հորդառատ անձրևի տակ: Իսկ ովքեր մենակ են ինձ նման և չգիտեն ինչ անլ այսօր, ինձ էլ հրավիրեք միասին ջրոցի խաղալու…

Քարահունջը Երևանում…շուտով

Պահանջում եմ մշակույթի նոր նախարար, որը կկարողանա խոսել հայերեն, հստակ պատասխանել հարցերին և չփորձել հիմար, անմիտ ու անտեղի նախադասություններով խուսափել հարցերից: Թող էսքանը կարողանա անել, մշակութային խնդիրները լուծելը այլ հարց ա:

«Вы знаете что … մի հատ եկեք հասկանանք … այ էդ, էդ … вот отсюда и все начинается, а что должно само общество, что должно делать … ինքը ամբողջ օրը պետք ա թամաայի կարգը … չէ մի հատ ուզում մ հասկանամ … пусть … что должно общество само …  ինքը թամաշա ա մենակ?»

Այ մարդ, օբշչեստվոն ես եմ, ինչ ես ուզում ինձանից? Ես քեզանից ուզում եմ, որ ամեն ինչ Երևանում ու Երևանի շրջակայքում չլինի, որ մշակույթը ուրիշ քաղաքներում էլ լինի, որ Մինասը մնա Գյումրիում, որ գոնե Գյումրի գնալու մի առիթ լինի: Երևի թե հաջորդը Քարահունջը կբերենք մի հատ հարմար, երևացող տեղում կդնենք:

Վայելեք`

http://tert.am/am/news/2011/07/25/bloggers/

Միայնակ երկինք

Երկինքն այսօր ակամա հիշեցնում է Մարկեսի «Հարյուր տարվա մենություն»-ը: Չգիտեմ պատճառը: Երևի թե վեպում նկaրագրվող երկինքը հենց այսպիսին էի պատկերացնում, կամ էլ թե այժմ այնպիսի տրամադրություն ունեմ, ինչպես վերջին տողերը կարդալիս:

«…город будет сметен с лица земли ураганом и стерт из памяти людей в то самое мгновение, когда Аурелиано Бабилонья кончит расшифровывать пергаменты, и что все в них записанное никогда и ни за что больше не повторится, ибо тем родам человеческим, которые обречены на сто лет одиночества, не суждено появиться на земле дважды.»

Հ.Գ. կարծես երկինքն այսօր միայնակ լինի…

 

 

Սրճագույն մտքեր

Աղջիկն առավոտյան զգաց անկողնու տաքությունն ու օդում թափառող սուրճի բույրը, որը կարծես հարմար տեղ չգտնելով, փորձում էր ամեն կերպ տեղավորվել նրա ռունգերում: Մեկ, երկու, երեք, չորս… տաս…տասնհինգ… սկսեց հաշվել պատի վրայի ծաղիկները: «Այս ինչ հիմար սովորություն է, միշտ հաշվել ամեն ինչը»,- մտածեց նա և հիշեց, որ ամեն անգամ ինչ-որ տեղ գնալիս սկսում է հաշվել ասֆալտի վրայի գժերը և միշտ հաշիվը կորցնում է ու նյարդայնանում:

Նա իր կողքին չէր, բավականին վաղ արթնացել էր և այժմ իրենց համար սուրճ էր եփում: «Երբ հոտն էլ սուրճի նրա՛ն հիշեցնում , Եվ քո գունազարդ քնի փոխարեն, Անքնություն է փռում սպիտակ… «: Ինչու է ամեն անգամ սուրճը ասոցացվում այս բանաստեղծության հետ… Ինքն էլ չգիտեր: Գիտեր միայն այն, որ ինքը սովորական մի աղջիկ է, ով սիրում է սուրճի բույրը, բայց ոչ սուրճը, ով սիրում է թավալվել անկողնում, մինչև մեջքը ցավի, և վերջապես, ով սիրում է այժմ խոհանոցում սուրճ պատրաստող տղային, որը միշտ սուրճ եփելիս քթի տակ շվշվացնում էր մի հին ու բարի սկանդինավյան երաժշտություն: Այդ մեղեդին նա միշտ ասոցացնում էր «Ծերունին և ծովը» վիպակում ծովի ձայնի հետ: Կարելի է կարծել, որ այդ ծովը տարբերվում էր մյուս ծովերից և ինչ-որ առանձնահատուկ ձայն էր արձակում: «Հիմարություն»,- մտածեց աղջիկը,- «Նման հիմար սովորություններ միայն ես կարող եմ ունենալ. հաշվել գրեթե ամեն ինչ, ասոցացնել ինչ-որ բան ինչ-որ մեկ այլ բանի հետ: Միթե չեմ կարող լուրջ լինել»…

Տղան իր կողքին է: Եկավ սուրճի երկու բաժակ ձեռքին: «Ինչպես միշտ թափեցի»: «Ոչինչ, բան չկա»: Ամեն ինչ այնքան սովորական է: Կարծես այսպես էլ պետք է լիներ, կարծես ընդամենը երեկ չէ, որ ինքն ուզում էր թողնել տղային ու հեռանալ, իսկ այսօր արթնացել է, խմում է նրա եփած սուրճն ու համբուրում նրան: Սուրճը… ախր իրենցից ոչ մեկը չի սիրում սուրճ, էլ ինչու են ամեն առավոտ խմում այդ սև հեղուկը, ավելի ճիշտ ոչ թե խմում, այլ պարզապես կուլ տալիս: Ծիսակարգի պես մի բան է: Աղջիկը չգիտեր պատճառը, իսկ տղան գիտեր: Նա գիտեր, որ ամեն առավոտ աղջկան պետք է արթնանալ ու փոքր-ինչ մտածել, դրա համար էլ սուրճ եփելու պատրվակով թողնում էր բալագույն ու մոխրագույն պատերով ննջարանն ու գնում խոհանոց: Որպեսզի մտածի, որպեսզի հնարավորություն տա աղջկան մտածել: Որովհետև գիտեր, որ հետո պետք է միասին կուլ տան այդ սև հեղուկը ու այդ ընթացքում լռեն: Դա կարծես մտերմացնում էր նրանց: Նույնիսկ սավանի վրա սուրճի թափված կաթիլներն էին մտերմացնում նրանց: «Բան չկա, ես անմիջապես կփոխեմ»,- հնչում էր ամեն անգամ:

«Ես կլինեմ նրա կողքին, միշտ, հավերժ»,- մտածում էր աղջիկը:

«Ես ամեն ինչ կանեմ, որ մենք լինենք միասին», — մտածում էր տղան:

Մինչդեռ երկուսին էլ թվում էր, թե շուտով մենակ է մնալու…

«Արի ամուսնանք»

Երկար ժամանակ մտածում էի, թե տեսնես մարդիկ ինչ են գտել էդ ախմախ, հիմար, տափակ «Արի ամուսնանք» հաղորդման մեջ, որ նայում են: Ես էլ, բանից անտեղյակ, էսօր պատահական նայեցի էդ հաղորդումը… ոնց որ կասեր իմ ընկերուհիներից մեկը` մե խինդ, մե ուրախություն, իմ ամենասիրած հաղորդումն ա դարձել: Ուրեմն որոշել եմ մի հատ բլոկնոտ պահել ու մեջը գրել էն բոլոր ունիկալ, բազմազան, բազմաժանր, անհասկանալի, խնդալու, անիմաստ, խորիմաստ ու մնացած բոլոր «անմտածելակերպ» (էս բառը եղբորիցս եմ սովորել) արտահայտությունները, որ լսել եմ էդ հաղորդման ժամանակ: Ուր է նայում լեզվի տեսչությունը, սիրելիներս? Չեմ հասկանում, կա Սայաթ-Նովայի բառարան, կա Սևակի բառարան, իսկ ինչու չլինի «Արի ամուսնանաք»-ի բառարան: Ախոր էստեղ նենց մտքեր ու արտահայտություններ են հնչում, որ ափսոս ա` դրանք գնան ու կորեն: Ախր դրանք այնպիսի խորիմաստ մտքեր են արտահայտում, որ առանց մեկնաբանության հասկանալն անհնար է: Չեմ խոստանում, որ ամեն օր կնայեմ, երևի նյարդերս տեղի կտան, բայց նայելու դեպքում խոսք եմ տալիս թուղթն ու գրիչը ձեռքս բռնել: Դե, հաճելի ընթերցում…

  •  բնականի մեջ է տեղավորվում մարդու էության տարածքները (no comment)
  •  ես հարգում եմ երեխա հասկացությունը (չէ, ես երեխա հասկացությունը չէ, բայց մեծահասակ հասկացությունը հարգում եմ)
  •  սերը համարում եմ միայն գործողության միջոցով (ես էլ գիտեի մենակ ես եմ սերը գործողության միջոցով համարում)
  •  ուզում եմ միայն ուրախ լինես, բայց փուչիկի նման փուչ չլինես (հաաաաա, մյուս անգամ որ գնամ ինչ-որ տղայի հետ առաջին անգամ հանդիպելու, էդ աղջկա նման  փուչիկ եմ նվիրելու էդ տղային ու ասեմ «ուզում եմ միայն ուրախ լինես, բայց փուչիկի նման փուչ չլինես»)

Մենք… ամենախորհրդավոր բառը

— Ապա նայիր, — ասաց Ռավիկը,- նա ոչինչ գլխի չի ընկնում: Չի տեսնում, որ ինչ-որ բան մեզ հուզել է: Նայում է մեզ և չի նկատում, որ մենք փոխվել ենք: Աշխարհի հիմարությունը հենց դա է: Դու կարող ես դառնալ հրեշտակապետ, ծաղրածու, ոճրագործ — ոչ ոք դա չի նկատի: Բայց բավական է վրայիցդ մի կոճակ  պոկված լինի, իսկույն բոլորը կնկատեն:

— Ամենևին էլ հիմարություն չէ: Ընդհակառակը, լավ է: Մենք հարազատ ենք մնում մեզ:

Ռավիկը նայեց Ժոանին: Մենք, մտածեց նա: Մի տես, թե ինչ բառ է: Աշխարհի ամենախորհրդավոր բառն է:

Է.Մ. Ռեմարկ

Մենք… աշխարհի ամենախորհրդավոր բառը: Այդ երբ ես և դու դարձանք մենք? Այդ երբ իմ ու քո կարծիքը դարձավ մեր կարծիքը, իմ ցանկությունն ու քո ցանկությունը դարձան մեր ցանկութունը? Բայց արդյոք հիմա ես և դու մենք ենք, թե դեռ կամ ես, և կաս դու: Հիշում ես այն օրը, երբ հասկացա, որ ոչ թե քեզ հետ երջանիկ եմ, և ոչ թե դու հասկացար, որ ինձ հետ երջանիկ ես, այլ այն օրը, երբ միասին երջանիկ էինք, երևի այդ օրը դարձանք մենք: